Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երբ C- 400-ները դառնում են Կալաշնիկով

Երբ C- 400-ները դառնում են Կալաշնիկով
06.10.2017 | 15:29

Երեկ Մոսկվայում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել-Ազիզ Ալ Սաուդը: Դիվանագիտական հաճոյախոսությունների փոխանակումից հետո նրանք, արդեն առանց լրագրողների, անցել են բուն խնդիրներին` Սիրիա, Իրան, Իրաք, էներգետիկ համագործակցություն։ Հանդիպման մեխը դարձել է C- 400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի Սաուդյան Արաբիային վաճառքի պայմանավորվածությունը: Թագավորը ցանկություն է հայտնել գնել ռուսական C-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգը` հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: Պուտինը չի մերժել` ռուսական կողմը զենքի արտադրության և պահպանման տեխնոլոգիան կփոխանցի Սաուդյան Արաբիա, գործարքի իրականացման ժամկետը չի նշվում, հայտնում է Reuters-ը:


Փաստացի` կրկնվում է նույն պատմությունը` ինչ Էրդողանի հետ էր: Պուտինը խոստանում է C -400-ների արտադրության և պահպանման տեխնոլոգիա, ինչպես խոստացել էր Էրդողանին, բայց Անկարայում ընթրիքից հետո հրաժարվել տեխնոլոգիայի վաճառքից ու գործարքը սահմանափակել միայն C -400-ներով: Զենիթահրթիռային համակարգերը վաղուց ՌԴ նախագահի ձեռքին քաղաքական զենք են դարձել, որ, բացի վաճառքի ֆինանսական շահույթից, օգնում են նրան տարածաշրջանում իր ցանկացած հարցերը լուծելու: Ընդ որում` ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ է ի վերջո նա ծրագրել: Ակնհայտ է, որ C -400-ների տեխնոլոգիայի փոխանցումը Սաուդյան Արաբիային առաջին պատասխանն է Թեհրանում Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպման և տարածաշրջանում Թուրքիա-Իրան-Իրաք առանցքի ձևավորման` առանց Ռուսաստանի: Բայց շատ մեծ հարց է, թե իրականում Ռուսաստանը Սաուդյան Արաբիային, կամ որևէ երկրի, կվաճառի՞ C-400-ների արտադրության տեխնոլոգիան: Եվ ի՞նչ պայմաններով: Տեխնոլոգիայի վաճառքը ինքնին ենթադրում է զենքի արտադրություն: Եթե այդքան թանկարժեք արտադրություն է ստեղծվում, հազիվ թե զենքը արտադրվի միայն սեփական սպառման համար` ասենք, երկրի յուրաքանչյուր բնակչի մեկ C -400, զենքը պիտի վաճառվի: Համաձա՞յն է Մոսկվան զենքի շուկայում մրցակից ունենալուն: Եվ` ինչու՞: Ի՞նչ պայմաններով, վաճառքից տոկոսներ ստանալու՞: Պայմանագիր դեռ չի ստորագրվել, սկսվում են նախապայմանագրային բանակցությունները, հենց այստեղ է գործարքի ամբողջ քաղաքական հմայքը: Տեղեկությունը տարածվել է, և Պուտինը ժամանակ է ստացել` Թուրքիայի ու Իրանի հետ նոր հարթակից ու իր պայմաններով խոսելու` հաշվի առնելով Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի, Իրանի ու Սաուդյան Արաբիայի բարդ փոխհարաբերությունները: Միշտ էլ կա նահանջի հնարավորություն` կբանակցեն ու կպարզվի, որ Մոսկվան վաճառում է միայն C-400-ները, որ արդեն իսկ միլիարդների գործարք է, իսկ տեխնոլոգիաները` ոչ: Բայց այդ ընթացքում կստանա այն, ինչի մասին հրապարակային քաղաքականության մակարդակում հայտնի է դառնում ժամանակի հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԱՄՆ-ին անհանգստացնում է Սաուդյան Արաբիայի և այլ դաշնակիցների հետաքրքրվածութունը ռուսական C- 400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմամբ` հայտարարել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ, փոխգնդապետ Միշել Բալդանզան։ «Մենք բազմիցս ընդգծել ենք խոշոր ռազմական գնումների ծրագրի իրագործման ժամանակ ԱՄՆ-ի և տարածաշրջանում այլ երկրների սպառազինության համակարգերի օպերատիվ համատեղելիության պահպանման կարևորությունը։ Այդ համատեղելիությունն անհրաժեշտ է ընդհանուր սպառնալիքների հետմղման համար»,- ասել է Բալդանզան։ Պենտագոնի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնին և Էր-Ռիադին կապում են ռազմական գնումների ոլորտում բազմամյա հարաբերությունները։ Միշել Բալդանզան չի ասել, բայց ակնհայտ է, որ C- 400-ներով Սաուդյան Արաբիային զինելը գեղեցիկ գամ է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունների մեջ, որը դուրս քաշելու համար Վաշինգտոնն ու Էր Ռիադը տհաճություններ, եթե ոչ ավելին, կունենան: Ահա ևս մի փաստարկ, թե ինչու ՌԴ նախագահը C- 400-ները օգտագործում է քաղաքական նպատակներով ու չի ափսոսում դարձնել սովորական զենք` ինչպես Կալաշնիկովի ինքնաձիգները, որի արտադրության վերաբերյալ Սաուդյան Արաբիայում պայմանագիրն արդեն կնքվել է: Ինչու՞ ոչ:

Դիտվել է՝ 4608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ